Home    Mail Us    English Version    Russian Version  
: Գլխավոր էջ       : Պատմություն       : Ղեկավարում       : Զարգացում       : Ուսանողական կյանք       : Հետադարձ կապ
 
 
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

     Տասնամյա հոբելյանի նախաշեմին <Մխիթար Գոշ> համալսարանի գիտական խորհրդի կողմից ընդունվեց համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը, որտեղ հիմնական ուղղությունների շարքում առանձնացվեցին մասնաճյուղերի ցանցի ընդարձակումը, դիստանցիոն ուսուցման համակարգի հետագա զարգացումը, ինչպես նաև նոր, ավելի արդիական ու պրակտիկ մասնագիտությունների բուհական ծրագրերի իրականացումը:
     Նոր մասնաճյուղերի ստեղծումը հանդիսանում է բուհի ընդարձակման ամենակարևոր և սկզբունքային հարցերից մեկը: Այսօրվա դրությամբ ամենաուժեղ բուհերը կենտրոնացած են խոշոր քաղաքներում, իսկ շրջաններում, ընդհակառակը, նկատվում է արդիական մասնագիտությունների առաջարկի պակաս: Հենց այդ պատճառով էլ վերջին ժամանակներս համալսարանը բազմաթիվ առաջարկներ է ստացել շրջանների ոչ պետական բուհերից` մասնաճյուղերի կարգավիճակով համալսարանի կազմի մեջ մտնելու նրանց ցանկության մասին: Այդ իսկ պատճառով բուհի զարգացումը շրջաններում կիրականացվի ոչ միայն նոր մասնաճյուղերի բացման, այլև արդեն իսկ գոյություն ունեցող բուհերի` իրենց իսկ ցանկությամբ համալսարանին միանալու ճանապարհով:
     Այսօր ավելի մեծ նշանակություն է տրվում դիստանցիոն ուսուցմանը և համալսարանը չէր կարող հեռու մնալ ուսուցման այդ ժամանակակից մեթոդից: Ընդ որում, համալսարանը որոշեց չնմանվել շատ բուհերի, որոնք պարզապես հեռակա բաժինը վերանվանում են դիստանցիոն ուսուցման բաժին` որակապես չփոխելով ուսումնական գործընթացի կազմակերպումը: Նման մոտեցումն ընդունելի չէ: Դիստանցիոն ուսուցման գաղափարն ինքնին կապված է ինՖորմացիոն տեխնոլոգիաների հետ, ուստի, ձեռք բերելով նորագույն սարքավորումներ, անհրաժեշտ է մտավոր և նյութական էական ներդրումներ կատարել դիստանցիոն ուսուցման զարգացման համար:
     Համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի անկյունաքարը տարածքային և շարունակական կրթության մոդելն է, որը համալսարանը հետևողականորեն կյանքի է կոչում իր գոյության 10 տարիների ընթացքում: Համալսարանի կառույցում եղած բոլոր ստորաբաժանումները` համալսարանի Երևանի և Վանաձորի կառույցները, «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը` իր բազային քոլեջով, ոստիկանական քոլեջը, էլիտար դպրոց-վարժարանը, նախակրթարանը, ներկայացրել են իրենց զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնք իրենց տեղ են գտել ամբողջական ռազմավարական ծրագրում: Ուսումնասիրելով ժամանակակից Հայաստանի բարձրագույն կրթության մասնագիտությունների պահանջարկը, համալսարանի գիտական խորհուրդը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է համալսարանում բացել այնպիսի մասնագիտությունների բաժիններ, ինչպիսիք են` հասարակության հետ կապերը (PR), քաղաքագիտությունը և միջազգային հարաբերությունները: Այս մասնագիտությունների ներառմամբ հնարավոր կլինի ընդգրկել հումանիտար կրթության գրեթե բոլոր ոլորտները: Կառուցվածքային առումով այս մասնագիտությունները նախատեսվում է ձևակերպել քաղաքական և PR-տեխնոլոգիաների Ֆակուլտետի շրջանակներում: Նման քաղաքականությունը թույլ կտա կրթության որակը պահել բարձր մակարդակի վրա, իսկ հետագայում նաև այդ ուղղություններով ձևավորել սեփական գիտական կադրերը: Ընդհանուր առմամբ, բուհն իր առջև դրել է հետևյալ խնդիրները.
     Կրթության ոլորտում անհրաժեշտ է. ուսուցման եվրոպական տեխնոլոգիաների ներդրման, օտար լեզուների ուսուցման մակարդակի բարձրացման, նոր գրականության և լազերային սկավառակների օգտագործման, առավել կիրառական գիտելիքների մատուցման, մասնագետների որակավորման բարձրացման ու մրցութային ընտրության միջոցով հասնել ուսման որակի բարձրացման:
     √ Ուժեղացնել համագործակցությունը հանրակթական դպրոցների հետ, նրանց օգնել ուսումնամեթոդական ձեռնարկներով, կազմակերպել մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև օգնել կրթական բարեփոխումների բնագավառում:
     √ Համալսարանի համար առաջնահերթ խնդիր է իր կազմում գործող հենակետային դպրոց-վարժարանի գործունեության ակտիվացումը, սովորողների մակարդակի բարձրացումը, առանձին հոսքերով դասարանների բացումը, որի միջոցով առաջին կուրսի դիմորդների տեսակարար կշռում մեր վարժարանից ընդունվողների բաժինը հասցնել մինչև 60 տոկոսի:
     √ Անհրաժեշտ է որակապես բարելավել մայրենի լեզվով դասագրքերի հրատարակման գործը և մասնագիտական առարկաների գծով հասնել բավարար վիճակի: Ամբիոնների գործունեության հիմքում, որպես պարտադիր պայման, դնել մեթոդական ձեռնարկների մշակումը:
     √ Խորացնել ուսումնագիտական համագործակցությունը հանրապետության և արտասահմանյան երկրների բուհերի հետ, հրավիրել միջազգային համաժողովներ, համալսարանում կազմակերպվող գիտական կոնՖերանսները հասցնել որակական ավելի բարձր մակարդակի: Լուրջ աշխատանքներ իրականացնել երիտասարդ գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ: Համաձայնության հասնել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի հետ` «Մխիթար Գոշ» համալսարանի գերազանցիկ շրջանավարտներին հնարավորություն տալու ընդունվել ասպիրանտուրա կամ նրանց ձևակերպել հայցվոր` հետագայում համալսարանի դասախոսական կազմն առավել երիտասարդ մասնագետներով համալրելու նպատակով:

Համալսարանը կրթություն է իրականացնում ըստ հետևյալ կրթական ծրագրերի և մասնագիտությունների

I. ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մասնագիտությունները`
1. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մասնագիտացումները՝ հյուրանոցային գործ և զբոսաշրջության կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, պետական և մունիցիպալ կառավարում, բիզնեսի հիմնադրում և կառավարում, բանկային գործի կառավարում, միջազգային առևտրի կառավարում, մարքեթինգ

2. ՖԻՆԱՆՍՆԵՐ
Մասնագիտացումները՝ հաշվապահություն, հարկեր և հարկաշրջանառություն, վարկային գործ, մաքսային գործ, ապահովագրական գործ, հաշվապահական վերահսկողություն, ֆինանսների կառավարում

3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
(բակալավրիատ և քոլեջ)
(համագործակցությամբ)
Մասնագիտացումները՝ ֆինանսատնտեսական և բանկային բնագավառում, մենեջմենթի և ձեռներեցության բնագավառում, ծրագրային ապահովման բնագավառում, տուրիզմի բնագավառում

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մասնագիտությունը` «Իրավագիտություն»

Մասնագիտացումները` միջազգային իրավունք, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք, սահմանադրական իրավունք, ֆինանսական և բանկային իրավունք

ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մասնագիտությունը`«Օտար լեզու և գրականություն» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)

Մասնագիտացումները` մանկավարժություն, թարգմանչություն, լրագրություն, դիվանագիտություն Հասարակական կապեր

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մասնագիտությունը` «Մանկավարժություն և մեթոդիկա»

Մասնագիտացումները` նախադպրոցական և տարրական կրթության, մանկավարժություն և մեթոդիկա

Դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.

1. Իրավագիտություն - հայոց պատմություն (գրավոր), օտար լեզու (գրավոր)
2. Կառավարում - օտար լեզու (գրավոր), մաթեմատիկա (գրավոր)
3. Օտար լեզու և գրականություն - հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր), օտար լեզու (բանավոր)
4. Մանկավարժություն և մեթոդիկա - հայոց լեզու (գրավոր), մաթեմատիկա (գրավոր)
5. Ֆինանսներ - օտար լեզու (գրավոր), մաթեմատիկա (գրավոր)
6. Տեղեկատվական տեխնոլոգիաներ - օտար լեզու (գրավոր), մաթեմատիկա (գրավոր)


Բակալավրիատում բոլոր մասնագիտությունների գծով ուսման տևողությունը 4 տարի է, ուսման տարեկան վարձը` 180.000 դրամ

II.  ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

1. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ  
2. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ  
3. ՕՏԱՐ ԼԵԶՈՒ                 
4. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ


III. ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

Ը.00.02      - Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում
Ը.00.03      - Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
ԺԲ.00.01.   - Պետության և իրավունքի տեսություն և պատմություն
ԺԲ.00.02    - Հանրային իրավունք - սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ,
                     բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում
ԺԳ.00.02    - Մանկավարժության տեսություն և պատմություն
    Նշված մասնագիտությունների գծով համալսարանում հաստատվում են ատենախոսությունների թեմաներ, կազմակերպվում են որակավորման և մասնագիտական քննություններ, իրականացվում է ատենախոսությունների նախնական պաշտպանություն համապատասխան ամբիոններում:


ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ`
     ¤ Ստեղծել եվրոպական չափորոշիչներին համապատասխան բարձրագույն կրթական նոր համակարգ:
     ¤ Տեղական ինքնակառավարման և տնտեսավարող օղակներին տրամադրել բարձր որակավորում ունեցող կադրեր:
     ¤ Զարգացնել շարունակական կրթության ռազմավարությունը:


ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
1. Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը. ՌԴ և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից ստորագրված պայմանագրով «Մխիթար Գոշ» համալսարանի բազայի վրա 1998 թ. գործում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մասնաճյուղը:
2. Գործելու է համալսարանի «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի մասնաճյուղը Հնդկաստանում:
3. Համագործակցություն Ավստրիայի Կրեմսկիի համալսարանի հետ` տուրիզմի մենեջմենթ մասնագիտության գծով:
4. Հունաստանի Պերեյսկիի համալսարան բիզնես-կառավարման ծրագրերի ուսուցում:
5. Համագործակցություն Հունգարիայի Պեզինսկի համալսարանի հետ` մարդկային ռեսուրսներին կառավարման կրթական ծրագրերի իրականացմամբ և դիպլոմների փոխադարձ ճանաչմամբ:
6. Սանկտ-Պտերբուրգի Քաղաքացիական ավիացիայի մասնագիտությունների գծով` կառավարման մենեջմենթ ծրա-գրով:
7. Մոսկվայի Մշակույթի և Արվեստի Պետական Համալսարանը:

1. Համալսարանը 2005 թ. Յունեսկոյի կազմակերպության անդամ է:
2. Համալսարանը 2007 թ. նոյեմբերի 1-ին Եվրոպական ասամբլեայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կողմից արժանացել է Սոկրատի անվան «Եվրոպական որակ» որակի նշանի:
3. Համալսարանը 2007 թ. նոյեմբերի 7-ին դարձել է Եվրոմիության անդամ Իտալիայի հանրապետության գիտա-առևտրական «Կոսեկս« կոնցերնի լիիրավ անդամ:

«ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
     Համալսարանի բժշկական մասնագիտությունների հենքի վրա նույն համալսարանի կառուցվածքում հիմնադրվել է հայ ականավոր ֆիզիոլոգ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու անվան բժշկական ինստիտուտը և քոլեջը, որը ՀՀ Կառավարության Առողջապահության նախարարության կողմից 2003թ. օգոստոսի 21-ին և 2004թ. հուլիսի 22-ին ստացել է բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման անժամկետ թիվ K ԳԳ 000003 և K ԳԳ 000024 լիցենզիաները` հետևյալ մասնագիտությունների գծով`

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ
1. Ստոմատոլոգիա
2. Դեղագործություն
3. Բուժական գործ


Բարձրագույն կրթության բոլոր մասնագիտությունների գծով դիմորդները հանձնում են հետևյալ քննությունները`

քիմիա (գրավոր) կամ ֆիզիկա (գրավոր)
կենսաբանություն (գրավոր)
Ուսման վարձը` տարեկան 250.000 դրամ

ԲԺՇԿԱԿԱՆ  ՔՈԼԵՋ
Քույրական գործ  (ուս. տևող. 3 տարի)
Ատամնատեխնիկական գործ (ուս. տևող. 2 տարի)
Դեղագործություն (ուս. տևող. 2 տարի)

Ուսման վարձը` 100.000 - 120.000 դրամ

Բժշկական քոլեջի ընդունելությունը կատարվում է միջնակարգ և 9-ամյա կրթության բազայի վրա: Ընդունելությունը` հարցազրույցով. կենսաբանությունից:

     Վերը նշված մասնագիտությունների գծով բժշկական ինստիտուտը համագործակցում է ՌԴ Սամարա քաղաքի պետականորեն հավատարմագրված բժշկական ինստիտուտի հետ, որի արդյունքում մեր շրջանավարտները վերը նշված մասնագիտությունների գծով կստանան նաև ՌԴ պետական դիպլոմ: Բժշկական ինստիտուտն ունի իր սեփական ուսումնական և բժշկական բազաները: Բժշկական ինստիտուտում դասավանդում են արտասահմանից հրավիրված դասախոսներ:

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԷԼԻՏԱՐ ԴՊՐՈՑ-ՎԱՐԺԱՐԱՆ ԵՎ «ԳԻՏՈՒՆԻԿ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
     Համալսարանում գործում է էլիտար դպրոց և հենակետային վարժարան` բնագիտական, հումանիտար հոսքերով, որտեղ յուրաքանչյուր խմբում սովորող աշակերտների թիվը չի անցնում 15-ից: Վարժարանում դասավանդում են նաև համալսարանի փորձառու մանկավարժները: Վարժարանի շրջանավարտներն առանց ընդունելության քննությունների ընդունվում են համալսարանի համապատասխան ֆակուլտետներ ու պետական հավատարմագրված բուհեր: Էլիտար դպրոց-վարժարանում գործում է նաև «Գիտունիկ» նախակրթարանը, որտեղ սովորողները ստանում են պատշաճ նախադպրոցական կրթություն: Համալսարանում և վարժարանում սովորում են նաև օտարերկրյա քաղաքացիներ, որոնց ուսուցումը, նախաբուհական նախապատրաստական դասընթացներն անցնելուց հետո, իրականացվում է ռուսերեն և անգլերեն լեզուներով Այսօրվա դրությամբ կրթահամալիրում սովորում են շուրջ 800 ուսանողներ և աշակերտներ:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՈՒՆԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՆ ՈՒ ԲԱԶԱՆԵՐԸ:

Համալսարանում, լիարժեք ուսման և հանգստի համար, ստեղծված են կատարյալ պայմաններ
    ¤ նորագույն գրականությամբ հագեցած գրադարան-ընթերցասրահ,
    ¤ համակարգչային կաբինետներ,
    ¤ լինգաֆոնային կաբինետներ,
    ¤ ատամնատեխնիկական և դեղագործական կաբինետներ,
    ¤ բազային ստոմատոլոգիական պոլիկլինիկա,
    ¤ սպորտդահլիճներ,
    ¤ լողավազան,
    ¤ հանրակացարան,
    ¤ նիստերի դահլիճներ,
    ¤ բուֆետ-ճաշարան:
    Համալսարանը, ապահովելով ժամանակակից արդյունավետ նորամուծությունների և բարեփոխումների կիրառումը կրթական ոլորտում, ձգտում է իր ուսանողներին տալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթություն` միաժամանակ նպատակահարմար գտնելով պահպանել նախկին կրթական համակարգի լավագույն ավանդույթները: Այսպիսով, մենք առաջ ենք շարժվում` ետ նայելով: Մենք հպարտանում ենք մեր շրջանավարտներով, որոնք, բարձր պահելով բուհի պատիվը, աշխատում են տարբեր բնագավառներում: Մեր շրջանավարտները հասել են հաջողությունների և զբաղեցնում են պաշտոններ պետական և մասնավոր կազմակերպություններում: Ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկան անցնում է ՀՀ դատաիրավական, ֆինանսաբանկային համակարգերի գերատեսչություններում: Համալսարանի գրադարանը ուսանողներին ապահովում է անհրաժեշտ գրականությամբ և մամուլով: Գրադարանի հավաքածուն անընդհատ համալրվում է նորագույն գրականությամբ և համալսարանի հրատարակություններով (դասագրքերով և դասախոսությունների ժողովածուներով): Լինգաֆոնային կաբինետները նպաստում են օտար լեզվի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Տեսաժապավենների և ձայներիզների հավաքածուն հնարավորություն է ընձեռում պատշաճ մակարդակով կազմակերպելու լեզուների ուսուցումը:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
    Նախապատրաստական բաժնին կարող են ընդունվել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն միջնակարգ, միջնակարգ մասնագիտական կրթություն, ինչպես նաև միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Նախապատրաստական բաժնի դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` միջնակարգ կրթության վկայական (բնագիրը), (10-րդ դասարանի աշակերտները կարող են ներկայացնել տեղեկանք դպրոցում սովորելու մասին), 6 լուսանկար (3/4) չափի: Նախապատրաստական դասընթացներն ավարտած ունկնդիրները, իրենց ցանկությամբ, կարող են դիմել նաև այլ բուհեր: Նախապատրաստական դասընթացներն ավարտած և քննությունները դրական գնահատականներով հանձնած ուսանողները կընդունվեն 1-ին կուրս` մրցույթից դուրս:

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
    Նրանք, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունն ասպիրանտուրայում, պետք է ունենան մագիստրոսի աստիճան կամ դրա համարժեքը: Այն ուսանողները, ովքեր ունեն մագիստրոսի աստիճան և գիտական բարձր կարողություններ` կընդունվեն ասպիրանտուրա` առանց ընդունելության քննությունների:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
    Դիմորդը պետք է լինի միջնակարգ դպրոցի շրջանավարտ և բավարարի ընդունելության քննությունների պահանջները` հաստատված յուրաքանչյուր բաժնի համար: Գնահատումը կատարվում է ըստ հին չափանիշների` 0-2 (անբավարար) և 3-5 (բավարար, լավ, գերազանց): (Շուտով համալսարանը կընդունի գնահատման միջազգային` կրեդիտավորման համակարգը):
    Քննությունները` ըստ Ֆակուլտետների, հանձնում են հետևյալ առարկաներից` հայոց լեզու (թելադրություն), հայ գրականություն (հարցազրույց), մաթեմատիկա (բանավոր կամ հարցազրույց):
    Ընդունելության ժամանակ նախընտրությունը տրվում է այն ուսանողներին, ովքեր ստանում են բարձր գնահատականներ (լավ, գերազանց), անբավարար ստացող ուսանողները վերաքննվում են մասնավոր հիմունքներով:     Ընդունվել ցանկացողները` տեղացի և օտարերկրացի, կարող են դիմել և’ բակալավրի ու մագիստրոսի աստիճանի, և’ հնգամյա ծրագրով ուսանելու (հավասարազոր մագիստրատուրային) համար: Կարող են դիմել նաև ասպիրանտուրա:
    1-ին կուրսի ընդունելության համար պահանջվում է` դիմում համալսարանի ռեկտորի անունով, միջնակարգ դպրոցի ավարտական վկայական (բնագիրը), միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթության դիպլոմը (պատճենը` նոտարական վավերացմամբ), 6 լուսանկար (գունավոր, 3x4 չափի), անձնագիր:

    Ուսման վարձերը տարբերակված են ըստ սոցիալական խմբերի:

© 2007